16/01/2020 18:01
«Եվրատեսիլ 2016»-ի հաղթող Ջամալան Երևան է գալիս
«Դրիմ փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ ուկրաինացի հայտնի երգչուհի, դերասանուհի, արմատներով հայուհի Ջամալան փետրվարի 14-ին առաջին անգամ համերգ կտա Երևանում: Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում:
Էպատաժային երգչուհին հանդես կգա 13 հոգանոց բենդով՝ կենդանի հնչողությամբ ներկայացնելով ինչպես հայտնի և սիրված, այնպես էլ՝ նոր երգեր. հանդիսատեսի համար կլինի 3 երգի պրեմիերա:
Լուսաձայնային շքեղ շոու, հզոր ձայն և յուրօրինակ կատարումներ:
Ջամալան կներկայանա ջազ, սոուլ, ֆանկ, ֆոլկ, փոփ և էլեկտրո ժանրերում:
36-ամյա Ջամալայի՝ Սուսանա Ջամալադինովայի, հայրը Ղրիմի թաթար է, մայրը՝ հայուհի: Նա սկսել է զբաղվել երաժշտությամբ վաղ տարիքից։ Իր առաջին մասնագիտական ձայնագրությունն արել է 9 տարեկանում:
Ձայնային հզոր հնարավորությունները նրան թույլ են տալիս հանդես գալ նաև օպերային ներկայացումներում:
2009 թվականին հաղթել է «Նոր ալիք» մրցույթում:
Ավելի լայն լսարանին հայտնի է դարձել 2016թ., երբ հաղթել է «Եվրատեսիլի» 61-րդ մրցույթում: