17/01/2020 19:29
Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում. Արթուր Մելիքյան (Տեսանյութ)
Հետագայում համալիր փորձաքննություններով պարզ կլինի՝ ինչ է տեղի ունեցել, լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքին։
«Մի շարք զննություններ են արվել։ Տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրություններն արդեն առգրավման փուլում են։ Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում։ Վաղն արդեն փորձագետներն ավելի ստույգ կպարզենք մարմնական վնասվածքների քանակը, ծագումը, բնույթը», - ասաց նա։
Արթուր Մելիքյանը միաժամանակ տեղեկացրեց, որ բոլոր տվյալները ենթակա են ստուգման, ցուցմունքներ չի կարող հրապարակել։
Հարցին՝ դիակի կողքին կոնյակի շիշ հայտնաբերվե՞լ է, ինչպես գրված է մամուլում, ՔԿ պաշտոնյան պատասխանեց, որ փորձաքննությամբ կպարզեն՝ արյան մեջ սպիրտի պարունակություն կա՞, թե՞ ոչ։
«Հայտնաբերվել են 3-4 տասնայկից ավելի պարկուճներ, գնդակներ։ Դեռ չունենք որևէ տվյալ, որ որևէ մեկը կրակոցի ձայն լսած լինի։ Քունքի շրջանում մեկ կրակոց ֆիքսվել է, դիմածնոտային շրջանում վնասվածք չի եղել։ Այս պահին բազմաթիվ գործողություններ են արվում», - ասաց Արթուր Մելիքյանը՝ նշելով, որ այս պահի դրությամբ հարցաքննվածների թվում պաշտոնյաներ չկան։
Հարցին՝ հարևանները կրակոցների ձայն չե՞ն լսել, նա նշեց, որ գուցե վաղն այլ հարևանների հարցաքննությամբ այլ նորություն բացահայտվի։
Նա միաժամանակ հավաստիացրեց, որ որևէ բացահայտում ունենալու դեպքում անմիջապես կհայտնեն այդ մասին։
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ դեպքի վայր այցելելու մասին, ինչին Մելիքյանը պատասխանեց, թեև ՍԴ նախագահն իրեն խնդրել է բարձրանալ դեպքի վայր, ինքը Թովմասյանին թույլ չի տվել։
«Չգիտեմ, գուցե, մտերիմ են եղել, բայց շատ հուզված էր», - ասաց Մելիքյանը։