17/01/2020 11:19
Կալանքից ազատելու օրը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ավելի էր վատացել. ՄԻՊ
Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու օրը, մեր դիտարկմամբ, առողջական վիճակն ավելի էր վատացել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Գրիգորյանը շարունակում է մնալ հիվանդանոցում, կալանքի պայմաններն այդ իմաստով ազդեցություն չեն թողնում։ Որոշումը դատարանն է կայացրել, այստեղ ՄԻՊ-ը միջամտելու իրավունք չունի, պարզապես նշեմ, որ մենք փաստաբանների բողոքի հիման վրա այնքանով, որքանով նա շարունակում է մնալ մեղադրյալ, ինչպես ցանակացած այլ գործով, այս դեպքում էլ նույնպես, ուշադրության ներքո պահելու ենք խնդիրը, համապատասխան գնահատականներ նաև կհնչեցնենք», - ասաց Թաթոյանը։
Դիտարկմանը, թե հնարավոր է, որ Գրիգորյանի առողջական վիճակն այսքան չվատթարանար, եթե դատարանն ավելի շուտ բավարարեր կալանքը որպես խափանման միջոց փոխելու միջնորդությունները, Թաթոյանն ասաց․
«Քանի որ գործը գտնվում է դատական վարույթում, գնահատականների առումով ես սահմանափակված եմ, ընդամենը կարող եմ ասել, որ նախաքննության ժամանակ մի քանի անգամ միջնորդել եմ, որ խափանման միջոցը փոխվի, բայց դե մերժվել է»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանը որոշել էր բավարարել Մանվել Գրգորյանին կալանքը փոխելու միջնորդությունը։