17/01/2020 17:16
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» ՔԿՀ-ներում հացադուլ հայտարարած քաղաքացիներին
2020 թվականի հունվարի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ, այս մասին Aysor.am-ը տեղեկանում է ՄԻՊ լրատվական ծառայությունից։
Այցերի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված 7 անձի հետ:
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ իրականացրած այցի ընթացքում պարզվել է, 2020 թվականի հունվարի 14-ից 3 կալանավորված անձիք հայտարարել են հացադուլ, իսկ հունվարի 15-ից նաև ջրադուլ՝ կապված իրենց նկատմամբ իրականացվող դատական վարույթների և դրանց շրջանակում կայացրած դատական ակտերի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների, այդ թվում՝ բժիշ մասնագետի հետ առանձնազրույցիընթացում կալանավորված անձ Գեղամ Մելքոնյանը նշել է, որ հրաժարվել է նաև իրեն տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից: Նրան պարզաբանվել է, որ օրենսդրական արգելքի ուժով Պաշտպանը չի կարող միջամտել վարույթին, պարզաբանվել են նաև Պաշտպանի մյուս լիազորությունները:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հացադուլ հայտարարած անձանց մշտապես պարզաբանում են հացադուլի բացասական հետևանքները, ինչպես նաև նրանց առողջական վիճակը և հացադուլի ընթացքում նրանց իրավունքների ապահովմանը վերաբերվող հարցերը քննարկում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ու բժշկական անձնակազմի հետ:
Ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ իրականացնող անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը մշտապես գտնվում են Պաշտպանի ուշադրության կենտրոնում և դրանց կապակցությամբ Պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:
Ավելի վաղ Aysor.am-ի խմբագրություն էին դիմել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած երկու կալանավորված անձ և մեկ դատապարտյալ՝ հայտարարելով, որ հրաժարվել են բուժօգնությունից։
Հացադուլ հայտարարած անձինք ցանկանում են իրենց խնդիրների վրա հրավիրել դատախազի, արդարադատության նախարարի, ԱԺ պատգամավորների ու կառավարության ներկայացուցիչների ուշադրությունը՝ խնդրելով վերջիններիս հանդիպել իրենց հետ: