17/01/2020 12:57
Պաշտպանության նախարարությունը մերժել է պատասխանել, թե որքան գումար են հատկացրել 2019-ի պարգևատրումների համար
ՀՀ պաշտպանության նախարարությունը մերժել է պատասխանել Aysor.am-ի գրավոր հացրմանը, թե որքան գումար են հատկացվել 2019-ի պարգևատրումների համար։
«Հարցապնդվող տեղեկությունների տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի, «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 13.03.1998 թ. N173 որոշմամբ հաստատված ցանկի 4-րդ և 5-րդ կետերի պահանջները», - ասված է ՊՆ պատասխանում։
Նշենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը սահմանում է՝ «Եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և (կամ) օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա տեղեկատվություն տնօրինողը տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է իր գործունեությանն առնչվող հետևյալ տեղեկությունները և դրանցում կատարված փոփոխությունները՝ 2) բյուջեն»։
8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է՝ «Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝ 1) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք»։
ՀՀ կառավարության 13.03.1998 թ. N173 որոշմամբ հաստատված ցանկի 4-րդ և 5-րդ կետերի պահանջներն են, որ Զորքերի պատրաստականության օպերատիվ (մարտական) վիճակը, նրանց գործունեության ապահովվածությունը, կազմը և զորքերի կառավարման համակարգի վիճակը բացահայտող տեղեկությունները, Զորքերի զորահավաքի ծավալման, մարդկային և տրանսպորտային ռեսուրսների զորահավաքի անցկացման, զորահավաքի ծավալումը կառավարելու համակարգի և զորքերը անձնակազմով համալրելու հնարավորությունների մասին, սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և այլ նյութական, ֆինանսական միջոցներով, ինչպես նաև ռազմական փոխադրումներով ապահովելուն վերաբերող տեղեկությունները համարվում են ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկություններ։