20/01/2020 13:33
Չեմ հիշում, որ ՀՀ նորանկախ պատմության մեջ ընդդիմությունը լինի այնքան ուժեղ, որքան այսօր է. Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կիսանախագահական կառավարման համակարգի վերադարձի անհրաժետություն չի տեսնում:
«Այս պահին իմ անձնական կարծիքը կարող եմ ասել՝ նման անհրաժեշտություն չեմ տեսնում, բայց աշխատանքային խումբը պետք է քննարկի և ներկայացնի փաստարկներ, հակափաստարներ ու դրա արդյունքում կհասկանանք, որ կողմը ինչ դիրքերից է հանդես գալիս», - ասաց Մակունցը՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Դիտարկմանը, թե Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ ինչ հստակ առաջարկներով հանդես կգա «Իմ քայլը», Մակունցը չակերտներ չբացեց: Ճշտող հարցին, թե արդյոք օրակագրում կլինի սուպերվարչապետական համակարգից ազատվելը, որի մասին ընդդիմադիր եղած ժամանակ խոսում էր Փաշինյանը, Մակունցն ասաց.
«Նիկոլ Փաշինյանը նման արտահայտությամբ նկատի ուներ, օրինակ, կեղծված ընտրությունների կամ ստիպողականության արդյունքում ձևավորված ՏԻՄ իշխանությունը, ինչն այսօր չկա:
Սուպերվարչապետական համակարգում մենք ունեինք ընդդիմություն, որը իր լիազորություններում ու գործառույթներով սահմանափակ էր: Ես չեմ հիշում, որ ՀՀ նորանկախ պատմության մեջ ընդդիմությունը լինի այնքան ուժեղ, որքան այսօր է: Այսինքն՝ այն, ինչ մենք անվանել ենք «սուպերվարչապետական համակարգ», չենք սպասում, որ աշխատանքային խումբ ձևավորվի ու դրանով քայլեր ձեռնարկենք դրա դեմ, այլ ամենօրյա քայլերով փորձում ենք հնարավորինս բալանսավորել իշխանությունը և լծակներ տալ ընդդիմությանը», - ասաց Մակունցը: