20/01/2020 11:15
ՀՀ նախագահի աշխատակազմից «արհեստածին» են որակում Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցին առնչվող քննարկումները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը պնդում է՝ նախագահը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է 2011 թվականին։
«Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը բազմիցս պատասխանել է այդ թեմայով հրապարակումներին։ Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է 2011 թվականին», - Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նշենք, որ Politik.am կայքում օրերս «Միացյալ Թագավարությունում Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել» վերտառությամբ հոդված էր հրապարակվել։
«Այսինքն, նախագահ Արմեն Սարգսյանի պնդմամբ, ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է 2011 թվականին, սակայն այդ պետության պետական մարմիններում շարունակել են իրեն ներկայացնել որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Խոսքը մասնավորապես Մեծ Բրիտանիայի ռեգիստարցիոն պալատի մասին է (Companies House): Արմեն Սարգսյանը այս կառույցին իր կողմից հիմնդրած EURASIA HOUSE INTERNATIONAL կազմակերպության մասով 2011 թվականից հետո ներկայացրած երեք հաշվետվություններում ներկայացված է որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի (2014 , 2013, 2012)։ Companies House-ին սխալ տվյալներ ներկայացնելը հանցագործություն է», - գրել էր կայքը, նշելով, որ Արմեն Սարգսյանի կողմից երեք անգամ նույն տեղեկությունների թերի ներկայացումը կարող է դիտարկվել որպես դիտավորություն ու կարող է առաջացնել նաև քրեական պատասխանատվություն:
Հրապարակման հետ կապված նախագահի աշխատակազմից Aysor.am-ին հայտնել են՝ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
«Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, դրանք թյուրըմբռնման և ոչ ճիշտ ընկալման արդյունք են կամ արհեստածին են և քաղաքական շահարկումների դաշտից», - հայտնել ՀՀ նախագահի աշխատակազմից։