20/01/2020 18:44
Շոյգուն հորդորում է ամրապնդել ՀԱՊԿ-ի ներուժը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներուժն անհրաժեշտ է կատարելագործել՝ աշխարհում տիրող բարդ ռազմաքաղաքական իրադրության կապակցությամբ: Այս մասին ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերգեյ Շոյգուն հայտարարել է երկուշաբթի՝ ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ:
«Կազմակերպության ստեղծման պահից ի վեր շատ բան է արվել դրա ռազմական բաղադրիչի կատարելագործման համար: Ստեղծվել է ճգնաժամային հակազդման համակարգ, կազմավորվել են ՀԱՊԿ-ի (Հավաքական ուժերի) զորքերի բաղադրիչները, անցկացվում են համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներ», - ասել է Շոյգուն:
Նա նաև նշել է, որ տարածաշրջանում և աշխարհում ռազմաքաղաքական իրադրությունն ընդհանուր առմամբ «մնում է բարդ»:
«Չի նվազում ճգնաժամային միտումը: Ուստի, ի շահ ՀԱՊԿ-ի ուժային բաղադրիչի պատրաստության ապահովման և հակաճգնաժամային խնդիրների արդյունավետ լուծման այդ համատեղ աշխատանքն անհրաժեշտ է շարունակել», - նշել է Շոյգուն:
ՀԱՊԿ-ի շրջանակում կապերի զարգացումը, նախարարի պաշտոնակատարի խոսքով, «մնում է Ռուսաստանի անփոփոխ գերակայություններից մեկը»: