20/01/2020 18:15
Չինաստանում հանգստյան օրերին գրանցվել է թոքաբորբի ավելի քան 130 նոր դեպք
Չինաստանի Ուհան քաղաքի (Հուբեյի նահանգ) բժշկական իշխանություններն անցած հանգստյան օրերին՝ շաբաթ և կիրակի, արձանագրել են թոքաբորբով հիվանդանալու 136 նոր դեպք, որի աղբյուրը նախկինում անհայտ կորոնավիրուսն է:
Եվս երկու մարդ է հայտնաբերվել Պեկինի նոր օդանավակայանում այն ուղևորների թվում, որոնք ժամանել էին Ուհանից, մեկ հիվանդ՝ Գուանդունի հարավային նահանգում:
Անցած տարվա դեկտեմբերին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկում է արձանագրվել: Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդանալու պատճառը դարձել Է կորոնավիրուսի՝ նախկինում անհայտ տեսակը:
Չինաստանի իշխանությունների պաշտոնական տվյալների համաձայն՝ առայժմ չի գրանցվել վիրուսի մարդուց մարդ փոխանցվելու որևէ դեպք: Հաղորդվել է, որ առաջին դեպքերը գրանցվել են, երբ մարդիկ այցելել են քաղաքի ծովամթերքների շուկա:
Միևնույն ժամանակ դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Թաիլանդում և Ճապոնիայում: