21/01/2020 19:38
Գարիկ Սարգսյանը բողոքի ակցիայի մասնակից մսավաճառներին խոստացավ, որ իրենց խնդրի լուծումը կտա վարչապետը
Արարատի մարզի անասնաբույծներն ու մսավաճառները շարունակում են բողոքի ակցիան՝ պահանջելով չեղարկել մորթը սպանդանոցներում իրականացնելու մասին հունվարի 15-ից ուժի մեջ մտած օրենքը:
Բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպեցին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Մարզպետ Գարիկ Սարգսյանը վստահեցրեց ակցիայի մասնակիցներին՝ փոխզիջումներ լինելու են։
«ԱԺ-ից ինձ հավաստիացրել են, որ շատ լավ լուծումներ կան։ Կառավարությունից էլ ինձ հավաստիացրել են, որ վաղը հարցուպատասխանի ժամանակ մեր խմբակցության կողմից հարցը բարձրացվելու է և կառավարությունից, ամենայն հավանականությամբ, վարչապետը կպատասխանի, թե ինչ լուծում է տեսնում», - հայտարարեց Գարիկ Սարգսյանը։
Հիշեցնենք` այսօր առավոտից անասնաբույծներն ու մսավաճառները փակել էին հանրապետության մի շարք ճանապարհներ։