21/01/2020 16:37
Եթե վաղը քվեարկությունը տապալվեց, քաղաքական մեծ խնդիր եք ունենալու, չանեք նման բան. Էդմոն Մարուքյանը զգուշացրեց
Խորհրդարանում «2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» հարցը բուռն քննարկումների առիթ դարձավ:
Իմքայլական պատգամավորները նշեցին, որ չեն հասկանում հանձնաժողովի անհրաժեշտությունը:
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, եթե վաղը քվեարկության ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը տապալի քվեարկությունը և հանձնաժողովի կազմը չհաստատվի, ապա դա մեծ հարված կլինի պառլամենտական ժողովրդավարությանը:
«Հուսով եմ՝ վարչապետն էլ է տեղյակ՝ վաղը ինչ եք ուզում անեք: Ուզում եմ դիմել ԱԺ նախագահությանն ու խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, եթե վաղը դուք տապալեք քվեարկությամբ այս հանձնաժողովի անդամների կազմը հաստատելու մասին որոշումը, ապա այն կլինի մեծ հարված ՀՀ-ում պառլամենտական ժողովրդավարությանը, որովհետև դուք, լինելով քաղաքական մեծամասնություն, հանձնաժողովում լինելու եք մեծամասնություն և դուք եք տեսնելու՝ կա՞ կոռուպցիա, թե՞ չկա, բայց ուզում եք պաշտպանեք կոռուպցիան, չեք ուզում ստեղծվի այս հանձնաժողովը, եթե վաղը տապալվեց, քաղաքական մեծ խնդիր եք ունենալու, չանեք նման բան», - ասաց Մարուքյանը: