21/01/2020 18:56
Չինաստանի դատարանն Ինտերպոլի նախկին ղեկավարին 13,5 տարվա բանտարկության է դատապարտել
Չինաստանի հյուսիսի Տյանցզին քաղաքի միջին ատյանի ժողովրդական դատարանը երեքշաբթի 13,5 տարվա ազատազրկման է դատապարտել Ինտերպոլի նախկին ղեկավար, հասարակական անվտանգության նախկին փոխնախարար Մեն Հունվեյին, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Ըստ աղբյուրի՝ ամբաստանյալը ցանկություն չի հայտնել բողոքարկելու վճիռը։ Նա նաև պետք է վճարի 2 միլիոն յուանի (ընթացիկ փոխարժեքով մոտ 292 հազար դոլարի) չափով տուգանք: Մեն Հունվեյին մեղադրել են կոռուպցիայի և պաշտոնեական լիազորությունների վերազանցման մեջ:
Ինչպես պնդում է հետաքննությունը, լինելով պետական պաշտոնյա՝ նա կաշառք է ստացել 14,46 միլիոն յուանի (2,12 միլիոն դոլարի) չափով:
2018 թվականի հոկտեմբերի 7-ին Չինաստանի իշխանությունները հայտնել են Մեն Հունվեյի ձերբակալման մասին՝ օրենքի խախտման կասկածանքով, իսկ ՉԺՀ-ի հասարակական անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ Ինտերպոլի նախկին ղեկավարին կասկածում են կաշառակերության և այլ հանցագործությունների մեջ։