21/01/2020 13:49
Այնպիսի փոփոխություններ ենք նախաձեռնել, որոնք անպայման հանրաքվե են ենթադրելու. Բադասյան
Ականջալուր լինելով հասարակության պահանջներին՝ հասկացել ենք, որ սահմանադրական բարեփոխումները հասունացել են, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Հարցին՝ սահմանադրական փոփոխություննրը որքանո՞վ են նպաստելու, որ դատաիրավական համակարգն առողջանա, նախարարը պատասխանեց.
«Եթե կարողանանք այնպիսի մոդել ընտրել, որպեսզի վստահությունը բարձրացվի, ակնհայտ է, որ կնպաստի։ Մենք այնպիսի փոփոխություններ ենք նախաձեռնել, որոնք անպայման ենթադրելու են հանրաքվե»։
Անդրադառնալով նախկին իշխանությունների կողմից հնչող այն տեսակետին, որ 5 տարին մեկ չպետք է Սահմանադրություն փոխել, Բադասյանը նկատեց՝ Սահմանադրության վերջին փոփոխությունը կարելի է ՀՀ պատմության մեջ խայտառակություն անվանել։
«Այս փոփոխությունը հասունացել է հասարակական պահանջի և լայն հանրային քննարկման արդյունքում», - ասաց նախարարը՝ շեշտելով, որ խորհրդարանականից կիսանախագահական կառավարման համակարգի անցում կատարելու մտադրություն առայժմ չկա։