21/01/2020 19:28
Ամերիկացի զույգը 65 տարի միասին է ապրել և մահացել նույն օրը
Ամերիկացիներ Ջեկ և Հարիեթ Մորիսոնները, միասին ապրելով 65 տարի, մահացել են նույն օրն ամերիկյան Սենթ Լուիս քաղաքի (Միսուրի նահանգ) ծերանոցում, գրում է «St. Louis Post-Dispatch» թերթը:
Հաղորդվում է, որ Մորիսոնը, որը 86 տարեկան էր, և նրա կինը՝ 83-ամյա Հարիեթը, մահացել են հունվարի 11-ին մի քանի ժամ տարբերությամբ։ Նրանց մահճակալները ծերանոցում կողք-կողքի էին, որպեսզի նրանք կարողանային միմյանց ձեռք բռնել։
Ջեկը և Հարիեթը ծանոթացել են 1955 թվականին Հելոուինին և հաջորդ տարի ամուսնացել։ Ամուսինները մեծացրել են երկու որդի։
Ծերերի տուն Մորիսոնները տեղափոխվել էին մեկ տարի առաջ՝ առողջական խնդիրների պատճառով։