21/01/2020 22:53
Արմեն Ամիրյանի՝ «Գեներալի երազը» պիեսը բեմականացվում է ԱՄՆ-ում
Ապրիլի 10-ին Լոս Անջելեսում տեղի կունենա ՀՀ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի «Գեներալի երազը» պիեսի բեմականացումը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Արմեն Ամիրյանի ֆեյսբուքի էջից:
«Սա իմ կյանքի պատմությունն է... Սա մեր բոլորի կյանքի պատմությունն է...
ԱՄՆ զինված ուժերի գեներալ, բժիշկ Կարպիս Դրամփյանի կյանքում գլխապտույտ իրադարձություններ են տեղի ունենում։ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) հարցաքննում է ընտանիքի անդամներին ու հետաքննում գեներալի անցած ճանապարհը, հատկապես Արցախյան ազատամարտի տարիները, որոնք վճռորոշ են եղել գեներալի համար թե՛ անձնական, թե՛ հանրային կյանքում։
Արցախում նա երդվել էր․․․ և հավատարիմ մնացել իր երդմանը։
Պատմության հերոսները՝ շատ տարբեր մարդիկ, Լոս Անջելես են հասել Սիրիայից, Լիբանանից, Հայաստանից, Իրանից ու Ռուսաստանից։ Նրանք հայտնվել են մի հարկի տակ՝ Կարպիսի ընտանիքում, սակայն շատ տարբեր պատկերացումներ ունեն հայրենիքի մասին, երբեմն՝ հակասական։
Բեմադրության ընթացքում անսպասելի շրջադարձեր են լինում, որոնք ավելի են խտացնում պատկերները։
Բեմադրող ռեժիսոր Վահե Խաչատրյանի վարպետության, կոմպոզիտոր Արեգ Առուստամյանի հրաշալի երաժշտության, բեմանկարիչ Գարեգին Եվանգուլյանի մտահղացումների և, իհարկե, դերասանների բացառիկ խաղի շնորհիվ իրադարձություններն ընթանում են սրընթաց, հաճախ միաձուլվում են իրականն ու երևակայականը, ակնհայտ ճշմարտությունն ու ենթադրյալ պատկերացումները, կարոտն ու սերը, լացն ու ծիծաղը և այս ամենը՝ հայրենիքից հեռու՝ անսահման հայրենասիրության մեջ»,-գրել է նախկին նախարարը: