22/01/2020 10:27
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը
Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը:
ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 73, դեմ՝ 20 և ձեռնպահ՝ 15 պատգամավոր։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քվեարկությունից առաջ հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ ձեռնպահ է քվեարկելու օրենքի նախագծին:
Օրենքով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգի բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու համար՝ 7-10 տարի:
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով, իսկ եթե քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը ստեղծվել է քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից, «օրենքով գողի» կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից՝ 8-12 տարի: