22/01/2020 11:35
Խորհրդարանն ընդունեց բանկային գաղտնիքին առնչվող օրենքի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Օրենքի նախագիծն ընդունվեց 73 կողմ և 37 դեմ ձայներով:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն ավելի վաղ նշել էր, որ որոշման նախագիծը մշակվել է՝ ելնելով կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից։ Ըստ նար՝ հաշվի է առնվել միջազգային, մասնավորապես, սկանդինավյան երկրների փորձը:
Նշենք, որ քրեական դատավարության օրենսդրության հիման վրա ներկայում հնարավոր է ստանալ միայն կասկածյալ և մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալները։
Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը կվերացվի, և առանձին դեպքերում կստեղծվի հնարավորություն՝ ստանալու բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ՝ առանց սուբյեկտային սահմանափակման: Միաժամանակ, նախագիծն առաջարկում է հավելյալ երաշխիքներ և սահմանափակումներ, մասնավորապես, հանցագործությունների սպառիչ ցանկ, որոնցով հարուցված գործերով միայն կարող են իրականացվել որոշակի իրավապահ գործողություններ:
Միաժամանակ չեն ստեղծվի անհամաչափ կամ անհաղթահարելի սահմանափակումներ հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտմանն ուղղված գործունեության ընթացքում: