22/01/2020 10:39
Ձեր գործողությամբ ցույց տվեցիք, որ կամք չունեք Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար. Մարուքյան
Խորհրդարանն այսօր չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած, 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը:
Քվերակությունից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր հիասթափությունը հայտնեց տեղի ունեցածի առնչությամբ։
«Որ ասում եք՝ քաղաքական կամք կա, ձեր գործողությամբ ցույց տվեցիք, որ կամք չունեք Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար։ Սա քաղաքական լուրջ հետևանքներ է ունենալու։ Ես ասում եմ, որ հեղափոխությունից հետո առաջին անգամ սահմանադրական լուրջ հետընթաց է արձանագրվում։ Սրանով դուք ցույց եք տալիս, որ վախենում եք ուսումնասիրել կոռուպցիոն ռիսկերը։ Սրանից այն կողմ ի՞նչ խայտառակություն պետք է լինի», - քաղաքական մեծամասնությանը հարց ուղղեց նա։