22/01/2020 19:37
Ի՞նչ է հանձնարարել Փաշինյանը ոստիկանությանը՝ Կուտոյանի մահվան մասին տեղեկանալուց հետո
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց՝ ինչ հանձնարարություն է տվել ոստիկանությանն՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան ահազանգը ստանալուց հետո:
«Երբ ինձ զեկուցել են Գեորգի Կուտոյանի հետ կապված ահազանգի մասին, իմ միակ հրահանգը եղել է հետևյալը՝ հնարավորինս օպերատիվ տեղ հասնել և պահպանել դեպքի վայրը, որպեսզի որևէ առարկա այնտեղից չանհետանա, բոլոր հնարավոր հանցանշանները պահպանվեն, որպեսզի քննությունը հնարավորինս արդյունավետ ընթանա: Սա եղել է իմ միակ հրահանգը ոստիկանությանը: Հիմա ինչքանով է ոստիկանության հասնելու պահին դեպքի վայրը եղել այնպիսին, ինչպիսին արձանագրել է ոստիկանությունը, քննության ընթացքում կպարզվի», - ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ տեղի ունեցածը ողբեգություն է՝ ընդգծելով.
«Եթե նաև մերձավոր շրջապատի կողմից ունենանք աջակցություն, գործը 100 տոկոսով իր բոլոր հանգամանքներով կբացահայտվի»:
Փաշինյանը հիշեցրեց՝ պաշտոնական վարկածն այս պահին ինքնասպանությունն է։