22/01/2020 10:15
Գագիկ Խաչատրյանի որդին չի ձերբակալվել, նրան փողերի լվացման հոդվածով մեղադրանք չի առաջադրվել
Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է հունվարի 22-ին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հրապարակված՝ «Ինչ է արել Գագիկ Խաչատրյանի որդին» վերտառությամբ հոդվածին։
Փաստաբանական խումբը հայտնել է, որ նյութում տեղ գտած տեղեկություններն ամբողջությամբ մտացածին են և իրականությանը չեն համապատասխանում։
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Գագիկ Խաչատրյանի որդին չի ձերբակալվել, նրան փողերի լվացման հոդվածով մեղադրանք չի առաջադրվել։ Հերթական անգամ հորդորում ենք զերծ մնալ անձի բարի համբավը, անմեղության կանխավարկածը խախտելու, մտացածին նյութեր տարածելու միտումնավոր կամ ոչ միտումնավոր քայլերց, որոնք կարող են լուրջ վնասներ առաջացնել», - ասվում է հայտարարությունում։