22/01/2020 12:40
Դա ընդդիմության իրավունքների սահմանափակում է. Մարուքյանը՝ ընդդիմադիրների նկատմամբ սանկցիաների մասին
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իրավաչափ չի համարում ԱԺ նախագահի կողմից ընդդիմության նկատմամբ կիրառվող սանկցիաները:
«12 տարվա պատգամավոր եմ և չեմ հիշում, որ որևէ մեկի նկատմամբ սանկցիա կիրառվեր, այդ թվում՝ իմ, այդ թվում՝ Փաշինյանի», - ասաց Մարուքյանը:
Նա մտաբերեց նախորդ խորհրդարանում Դատական օրենսգրքում փոփոխությունների քվեարկությունը, որի ժամանակ մի շարք պատգամավորներ քվեարկել էին գործընկերների փոխարեն, որից հետո պատգամավորները սկսել էին բռունցքներով հարվածել սեղաններին և բղավել, մինչդեռ Մարուքյանը նշեց, որ այդ ժամանակ ոչ մեկի նկատմամբ սանկցիա չի կիրառվել:
«Դա ընդդիմության իրավունքների սահմանափակում է, ոչ թե սահմանափակման փորձ: Այսօր ընդդիմության խորհրդարանական իրավունքի սահմանդրական խախտում է տեղի ունեցել, որը համահունչ չէ ոչ իշխանության արժեքներին, ոչ տեքստերին, ոչ իրենց անցած ճանապարհին, ոչ էլ իրենց տրված վստահությանը: Նրանք ոտնատակ են տվել այդ արժեքները», - հայտարարեց Մարուքյանը:
Հիշեցնեք, որ այսօր իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հետ հետ ԱԺ նիստերի դահլիճում բանավեճից հետո Արարատ Միրզոյանը սանկցիա էր կիրառել Մարուքյանի նկատմամբ՝ նախազգուշացում հայտարարելով, իսկ երեկ Միրզոյանը կարգապահական միջոց էր կիրառել ԲՀԿ-ական չորս պատգամավորի նկատմամբ՝ զրկելով նրանց երեկվա նիստերին մասնակցելու իրավունքից: