22/01/2020 17:48
Միանշանակ պետք է անցնենք սպանդանոցային համակարգին, այս հարցն այլընտրանք չունի. Նիկոլ Փաշինյան
Մենք միանշանակ պետք է անցնենք սպանդանոցային համակարգին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բացի առողջապահական խնդիրներից, սա երկրի ստանդարտի վարկանիշի հարց է։ Մեր սիրելի հայրենակիցներն, ովքեր բողոքի ձայն են բարձրացնում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, ունե՞ն արդարացի փաստարկներ։ Այո՛։ Եվ այդ փաստարկներից ամենակարևորն այն է, որ մենք չունենք սպանդանոցների բավարար խտություն և քանակ», - ասաց վարչապետը։
Նա նշեց՝ սպանդանոցների բավարար քանակ երկրում չկա, որովհետև այդ հարցը մշտապես հետաձգվում է։
Փաշինյանը նշեց, որ այսօր խորհրդակցություն է հրավիրել և տվել է հանձնարարական. մինչև փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորում անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ։
«Մինչև հուլիսի 1-ը կթողնվի նույն իրավիճակը՝ բացառությամբ Երևանի սուպերմարկետների և ռեստորանների ցանցերի մատակարարումները, պայմանով, որ հուլիսի 2-ին ոչ մի դեպքում էլ էս թեմային չենք անդրադառնալու», - ասաց վարչապետը։