22/01/2020 09:54
«Հրապարակ». «Թիրախավորված են TV 5-ն ու «Արմնյուզը». կփորձեն պատճառներ գտնել դրանցից մեկին եթերից զրկելու համար»
«2020-ն իշխանությունների համար կլինի լրատվամիջոցների դեմ խաչակրաց արշավանքի տարի։ Գիտեք` «Ա1+»-ը դիմել է դատարան` իրեն լիցենզիայից ապօրինի զրկելու հարցով, հասկանալի է, չէ՞, իրենք հաղթելու են դատարանում, կապուղի տալու հարց է առաջանալու՝ թիրախավորված են TV 5-ն ու «Արմնյուզը», կփորձեն պատճառներ գտնել` դրանցից մեկին եթերից զրկելու համար՝ չնայած Փաշինյանի ասածը, թե 2 հեռուստաընկերությունների լոգոյի վրա պետք է գրել «կոռուպցիա TV», վերաբերում էր Թավադյանին պատկանող TV 5-ին և Մայրապետյանին պատկանող Հ 2-ին», - «Հրապարակ» թերթին ասել է «Իմ քայլի» պատգամավորը:
Կարծում եք` կհաջողվի՞։ «Այո. ստոպ չի լինելու։ Անհրաժեշտության դեպքում քրեական գործեր են հարուցվելու` հիմնականում ֆինանսական խախտումների և ներդրողների մասով, ընդ որում` հարցը լուծվելու է խիստ քաղաքակիրթ` օրենսդրորեն․ արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ»:
Իսկ ճի՞շտ է, որ Վլադիմիր Կարապետյանը «գնալուց» առաջ` դեկտեմբերի վերջին, լրատվամիջոցների ցանկ է կազմել, թե մամլո խոսնակներն ում հարցերին պետք է պատասխանեն, ում ցրեն։ «Խոսնակներից շատերը պարտաճանաչ աշխատել են, չեմ կարծում, որ նրանք ֆորսմաժորի մեջ են, այնուհանդերձ, լուրջ աշխատանք տարվելու է` պարզելու տարբեր լրատվամիջոցների կապերն իշխանական «աղբյուրների» հետ` արտահոսքերի մասով։ Ամեն ինչ արվելու է նրանց ջրի երես հանելու համար։ Արտահոսքի համար բոլորս ամեն օր խստիվ զգուշացվում ենք»: