22/01/2020 16:59
Երգելն իմ սովն է եղել. Արաքս Մանսուրյան (Տեսանյութ)
Դա իմ սովն է եղել, դա ինձ հագեցրել է, Aysor.am-ի «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով հարցին՝ աղքատությունն իրեն չի՞ խանգարել երգչուհու կարիերայի ճանապարհին, ասել է օպերային հայտնի երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանը։
«Պետք է անոթի լինես, պետք է սով ունենաս, եթե դա կա քո մեջ և աշխատանք կա քո մեջ և ձգտում ունես, ես հենց սրանով էի ապրում։ Չեմ մտածել մեծ երգչուհի դառնալ, այդպիսի բաներ չեն եղել, ես ուզել եմ երգել, սա է եղել իմ միակ երազանքը։ Ես դպրոցից տուն էի գալիս և երգում էի. ձայնասակավառակներ ունեի՝ Գոհար Գասպարյան, Ջոան Սադերլենդ, իրենց հետ կրկնօրինակում էի, երգում էի ամեն օր, այնպիսի օր չեմ հիշում, որ ես երգած չլինեմ։ Սա, հետևաբար, իմ սովն է եղել, դա ինձ հագեցրել է», - ասել է Արաքս Մանսուրյանը։
Հայտնի երգչուհին պատմել է՝ թեև քույրն ու երկու եղբայրները ևս երգում են ու փայլուն լսողություն ունեն, սակայն ընտանիքում հենց ինքն է ժառանգել իրենց հոր ձայնը, իսկ Արթիկում աղքատության պայմաններում ապրելու հանգամանքն էլ անզոր գտնվեց կանխել իր մուտքը մեծ բեմեր։
«Որևէ բան, որևէ պատճառ չէր կարող կանխել ինձ, ես չէի կարող ապրել, դա իմ պարգևն է եղել Աստծուց: Ես կարծում եմ, եթե մարդը չի տեսնում դժվարություն, հատկապես արվեստագետը, արտիստը, արվեստը լինում է շփացած արվեստ, ցուցադրական արվեստ, լինում է դրամի հոտով արվեստ, մեզ մոտ ոչ ոքս փառքի ձգտում չունեցանք, այն, ինչ Աստծո պարգևն էր, այդ պարգևը ընդունեցինք չորսս էլ, դա եղել է մեր ապրելու իմաստը», - ասել է Արաքս Մանսուրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։