22/01/2020 09:42
«Ժողովուրդ». Գուրգեն Խաչատրյանը կանխիկ գումարներ է փոխանցել արտերկրում գտնվող օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին, հետագայում այդ գումարները արտասահմանում «մաքրվել են»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումից անցել է 5 ամիս, և նախաքննական մարմինը տարվող քննության մասով ոչինչ չի հայտնում: Սակայն այս ֆոնին զուգահեռ՝ ԱԱԾ-ն փողերի լվացման գործով ձերբակալել և արդեն մեղադրանք է առաջադրել վերջինիս որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, թե կոնկրետ ինչ է արել Գագիկ Խաչատրյանի որդին, որ նրան մեղադրանք են առաջադրել:
Մեր տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն նրա մասով լուրջ տեղեկությունների է տիրապետել: Մասնավորապես, նախաքննական մարմնի ձեռքում են հայտնվել կոնկրետ փաստաթղթեր, որ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, տարբեր անձանց միջոցով կանխիկ գումարներ է փոխանցել արտերկրում գտնվող օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին, և հետագայում այդ գումարները արտասահմանում «մաքրվել են» ու օրինական ճանապարհով հետ են փոխանցվել կրկին Հայաստան՝ ներկայացվելով որպես «Յուքոմ» ընկերության ներդրում, ձեռքբերում:
Ըստ ամենայնի, ԱԱԾ-ի ձեռքում հայտնված փաստաթղթերը, ինչպես նաև «Յուքոմ» ընկերությունում կատարված ուսումնասիրությունները իրավապահներին դուրս են հանել հետքի վրա, որի շրջանակներում էլ ձերբակալվել է Գուրգեն Խաչատրյանը: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի հատկանիշներով՝ փողերի լվացումը, կոնվերտացումը, որը պատժվում է 2-5 տարի ժամկետով»: