23/01/2020 10:18
Ինչո՞վ Ձեզ օգնենք, պարոն Միրզոյան, որ կարողանաք խորհրդարանի բնական գործունեությունն ապահովեք. Էդմոն Մարուքյան
Առավոտյան ԱԺ նիստի մեկնարկին ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կրկին անդրադարձավ երեկ ԼՀԿ նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի կազմի քվեարկության տապալմանը:
«Իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը, փաստորեն, չունի կազմ և խորհրդարանի ցանկացած հանձնաժողով, եթե չի գործում, նշանակում է, որ խորհրդարանի ինչ-որ մարմին չի գործում: Եթե չի գործում, նշանակում է, որ խորհրդարանի նախագահը չի կարողանում ապահովել բնականոն գործունեությունը: Ի՞նչն է պատճառը, պարոն Միրզոյան, ինչո՞վ Ձեզ օգնենք, որ կարողանաք բնական գործունեությունն ապահովեք», - վարման կարգով ելույթում հարցրեց Մարուքյանը:
Ի պատասխան ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց.
«Հարգելի պարոն Մարուքյան, ես Ձեր օգնության կարիքը չունեմ, պիտի որպես իրավաբան հասկանայիք, որ այս հարցի շրջանակներում ԱԺ նախագահն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ արել է»:
Միրզոյանը հավելեց, որ ցանկացած պատգամավոր ազատ է իր քվեարկության մեջ:
«Մեղադրել ԱԺ նախագահին պատգամավորների քվեարկության որևէ արդյունքի համար, նշանակում է լավ չհասկանալ Սահմանադրության տրամաբանությունը», - հավելեց Միրզոյանը: