23/01/2020 12:01
Չեմ հասկանում՝ այդ ովքեր են, որ մեզ մեղադրում են, որ «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված տեխնոլոգիական առաջընթացին խոչընդոտում ենք. Վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Արմաթ» լաբորատորիաների ծրագրին և նշեց, որ այդ հարցը վերջին շրջանում բազմաթիվ, ընդհուպ, քաղաքական շահարկումների տեղիք է տվել:
««Արմաթ» լաբորատորիաների ծրագիրը ՀՀ-ում սկսվել է 2014 թվականին և 2014-2017 թվականներին լաբորատորիաները պետական բյուջեից ֆինանսավորվել է 188 միլիոն դրամ, 2018-2019 թվականներին ֆինանսավորվել է մեկ միլիարդ 296 միլիոն դրամ, այսինքն՝ երեք տարվա ընթացքում 188 միլիոն դրամ, երկու տարվա ընթացքում՝ մեկ միլիարդ 296 միլիոն դրամ, այդ թվում, պետական բյուջեի հավելյալ հավաքագրված եկամուտներից», - նշեց վարչապետը:
Նա ասաց, թե մինչև հեղափոխությունը ՀՀ-ում երեք տարվա ընթացքում բացվել է 220 ինժեներական լաբորատորիա, հեղափոխությունից հետո բացվել է 355 «Արմաթ» լաբորատորիա:
«Այսինքն՝ տարուկեսում բացվել է կրկնակիից ավելի, ֆինանսավորումը ավելացրել ենք մոտ տասը անգամ և մեզ այսօր մեղադրում են, որ «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված պրոբլեմ ենք առաջացնում: Ինչո՞ւմն է այդ պրոբլեմը. շատ պարզ բանի մեջ է, մենք այսօր հանրապետությունում ունենք 575 լաբորատորիա, որոնք ձեռք են բերվել մի կազմակերպությունից: Մենք ասում ենք հետևյալը, որ մենք մի պահ պետք է դադար վերցնենք, վերլուծենք, թե ինչպես է աշխատում այդ համակարգը և, ինչպես կառավարության նիստում հանձնարարել եմ, պետք է խուսափենք մեկ անձից գնումներից և անենք մրցութային կարգով և այդ վերլուծությունների արդյունքում ձևավորենք տեխնիկական առաջադրանք և սրանից հետո այդ լաբորատորիաները իրականացնենք մրցութային կարգով: Այսինքն՝ մենք ուզում ենք ասել, որ այս դպրոցներում պատրաստվում ենք ստեղծել լաբորատորիաներ և հրավիրենք մրցույթներ և ով կտա բովանդակություն-գին լավագույն առաջարկը, այդ կազմակերպություններն էլ կհաղթեն», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ներկայացված վիճակագրությունը ամեն ինչ ցույց է տալիս:
«Ես չեմ հասկանում, թե այդ ովքեր են, որ մեզ մեղադրում են, որ «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված տեխնոլոգիական առաջընթացին խոչընդոտում ենք, այս թվերը իրենք թող հրապարակեն, որից հետո էժան շահարկումների դաշտ մտնեն», - ասաց նա: