23/01/2020 12:56
Ջոնսոն. Մեծ Բրիտանիան պատրաստ է Եվրամիությունից դուրս գալ հունվարի 31-ին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահ Է, որ երկրի խորհրդարանի երկու պալատների կողմից Brexit-ի մասին օրինագծի հաստատումից հետո թագավորությունը պատրաստ Է լքել Եվրամիությունը սահմանված ժամկետում՝ հունվարի 31-ին: Կառավարության ղեկավարի համապատասխան հայտարարությունը չորեքշաբթի երեկոյան տարածվել է վարչապետի դիվանատան կողմից:
«Խորհրդարանն ընդունեց Եվրամիությունից դուրս գալու օրինագիծը, և դա նշանակում Է, որ Միացյալ Թագավորությունը ԵՄ-ն կլքի հունվարի 31-ին, և առաջ կգնանք որպես մեկ ամբողջություն»,- հայտարարել է Ջոնսոնը՝ հորդորելով վերջ դնել Brexit-ի կողմնակիցների ու հակառակորդների վեճերին և կենտրոնանալ թագավորության հրատապ խնդիրների լուծման, հանցավորության դեմ պայքարի և հիվանդանոցների աշխատանքի բարելավման վրա:
Այն բանից հետո, երբ չորեքշաբթի երեկոյան Brexit-ի մասին բիլլը Համայնքների պալատից անմիջապես հետո հաստատվեց բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի կողմից, այն պետք է ստորագրի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Սպասվում է, որ դա տեղի կունենա արդեն հինգշաբթի կամ ուրբաթ, ինչից հետո ԵՄ-ից երկրի դուրս գալու պայմանները որոշող փաստաթուղթն օրենքի ուժ կստանա: Դա թույլ կտա Մեծ Բրիտանիային և ԵՄ-ին վավերացնել Brexit-ի պայմանների մասին համաձայնագիրը, ինչը պետք է տեղի ունենա առաջիկա օրերին: