23/01/2020 09:54
«Ժողովուրդ». Իշխանությունները որոշել են լրագրողների տեղափոխման, կեցության հարցերը չվերցնել իրենց վրա
«Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 20-ին հարցում էր ուղարկել ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը՝ հասկանալու համար, թե ինչպիսի դիրքորոշում ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Ազգային Կոնգրեսի առաջարկի շուրջ, այն է՝ վերադառնալ կիսանախագահական կառավարման մոդելի: Թերթը խդրել էր նաև մատնանշել, թե որոնք են, ըստ վարչապետի, սահմանադրական փոփոխությունների շուրջ գլխավոր քայլերը: Հարցման հաջորդ օրը՝ հունվարի 21-ին, վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի կողմից բառացի այսպիսի պատասխան է ստացվել.
«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ 2020 թվականի հունվարի 25-ին նախատեսվող մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կպատասխանի բոլոր հարցերին, այդ թվում՝ Ձեր կողմից նշված հարցերին»:
«Բայց ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը տեղի է ունենալու Կապան քաղաքում, և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար այնտեղ հասնելու ոչ մի պայման ապահովված չէ: Այս անգամ իշխանությունները որոշել են լրագրողների տեղափոխման, կեցության հարցերը չվեցնել իրենց վրա, այլ թողնել լրատվամիջոցների հոգածությանը: Սա նշանակում է, որ շատ քիչ թվով լրագրողներ կմասնակցեն այդ ասուլիսին, քանի որ Հայաստանում գործող լրատվամիջոցների համար հեշտ չէ սեփական միջոցներով հասնել Կապան, այնտեղ հյուրանոց վարձակալել, մասնակցել ասուլիսին, վերադառնալ», - գրել է թերթը::