24/01/2020 12:27
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում և ռեպրեսիվ մեթոդներ են կիրառվում. Փաստաբան (Տեսանյութ)
Ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ. ակնհայտ է, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում և տարբեր ռեպրեսիվ մեթոդներ են կիրառվում, լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմի անդամ Միհրան Պողոսյանը։
«Դա այնքան ակնհայտ էր, որ նույնիսկ ընթերականերն էին նշում, որ սա քաղաքական գործ է։ Ակնհայտությունը գալիս է նրանից, որ քննիչը հասարակ մի խուզարկություն սկսում և իրականացնում է խախտումներով։ Մասնավորապես, խուզարկության որոշմանը՝ դեռևս իմ և պարոն Թովմասյանի կողմից ծանոթացած չլինելու պարագայում քննիչը հայտարարեց, որ շարունակում է խուզարկության կատարումը։ Ներկա էին ոստիկանության ներկայացուցիներ։ Որևէ փաստաթուղթ չի ներկայացվել, թե ինչ իրավունք ունեին կոնկրետ իրենք խուզարկությունը կատարելու», - նշեց փաստաբանը։
Միհրան Պողոսյանը միաժամանակ հայտնեց, որ իրենք միջնորդել են, որպեսզի ողջ գործընթացը տեսաձայնագրվի, սակայն քննիչը բանավոր կարգով մերժել է միջնորդությունը։
«Սակայն նա իր նախընտրությամբ լուսանկարներ էր կատարում», - նշեց փաստաբանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի մեկ այլ անդամ Ամրամ մակինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ քննիչները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը, ինչին ի պատասխան ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել, թե Ամրամ Մակինյանի հայտարարությունը, թե իբր Հրայր Թովմասյանին և նրա պաշտպանական թիմին հնարավորություն չի տրվում ծանոթանալ Հ. Թովմասյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու մասին դատարանի որոշմանը, ակնհայտ ապատեղեկատվություն է: