24/01/2020 16:27
Հրայր Թովմասյանից ազատվելու իրավական ճանապարհ այլևս չի մնացել, սկսել են հոգեբանական միջոցներ գործադրել. Գևորգ Պետրոսյանը՝ ՍԴ նախագահի բնակարանի խուզարկության մասին
Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ իշխանական շրջանակների ճնշումը շարունակվում է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով Սամանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի տանը կատարված խուզարկություններին:
«Ես ընդհանրապես ձեռնպահ եմ մնում իրավաահ մարմինների կողմից կոնկրետ դատավարական գործողություններին գնահատական տալուց, որովհետև դա նախ իրավական խնդիր է: Միշտ սպասում եմ տեսնեմ, թե իրավական գործողություններն ինչ ընթացք են ունենում, նոր հնչեցնում եմ քաղաքական գնահատական, բայց մի բան չեմ կարող չասել՝ ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ իշխանական շրջանակների ճնշումը շարունակվում է, որը պատվաբեր չէ իրավական պետության, այդ թվում՝ ՀՀ համար, իսկ թե դրանք կոնկրետ ինչ նպատակով են արվում և ինչ արդյունք կարող են տալ, դա չեմ կարող ասել», - ասաց Պետրոսյանը:
Պատգամավորն ընդգծեց՝ զարմանալի է, թե ինչ են որոնել Սահմանադրական դատարանի նախագահի տանն՝ ավելացնելով.
«Հրայր Թովմասյանն այն մարդը չէ, որ երբևէ աչքի ընկած լինի հակաօրինական գործողություններով, հանցավոր արարքներով, ինչ-որ մեկի հանդեպ զենք գործադրելով: Որևէ բանով նա աչքի չի ընկել, էդ ի՞նչ են որոնում, սա է հետաքրքիր: Իմ կարծիքով՝ այսպիսով ավելի շատ շարունակում են հոգեբանական ճնշում ունենալ, որպեսզի հասնեն իրենց նպատակին: Իրենք տեսան, որ որևէ իրավական ճանապարհ այլևս չի մնացել Հրայր Թովմասյանից ազատվելու, հիմա սկսել են հոգեբանական միջոցներ գործադրել»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունն իրականացրել է խուզարկություն: