24/01/2020 09:54
«Փաստ». Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ հաջորդ ԱԺ ընտրություններում չի կարողանալու մեծամասնություն ապահովել
Որքան էլ հայտարարվում է, թե այս պահին պետական կառավարման ձևի փոփոխության հարց չկա, «Փաստ» թերթի տեղեկություներով, իրականում իշխանությունները կամուկացի մեջ են, թե ի վերջո կառավարման որ մոդելը կարդարացնի իրենց սպասելիքներն ու իշխանության հեշտ պահպանումը։ Քննարկումների առանցքում խորհրդարանական տարբերակից վերջնականապես հրաժարվելու գաղափարն է։
«Կառավարման կիսանախագահական ձևին վերադարձի հարցը, ինչպես նախկինում նշել էինք մեր հրապարակումներում, գործող իշխանությունների օրակարգում շարունակում է մնալ։ Որքան էլ ներկայումս դա համարվում է սոսկ մի կուսակցության՝ ՀԱԿ-ի կողմից առաջ քաշած օրակարգ, դա շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում։
Թերթի՝ իշխանական թևը ներկայացնող զրուցակցի խոսքով, Փաշինյանի կողմից սահմանադրական փոփոխությունների առաջնային նպատակներից մեկն այն է, որ լուծվի ՍԴ «թնջուկը». ի դեպ, քննարկվող տարբերակներից մեկն էլ այն է, որ կարելի է որդեգրել ամերիկյան մոդելը, որտեղ ընդհանրապես ՍԴ չկա:
Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում, կապ չունի՝ արտահերթ, թե հերթական, չի կարողանալու մեծամասնություն ապահովել՝ խորհրդարանական պետությանը բնորոշ հետևանքներով։ Իսկ արդեն նախագահական ընտրությունների պարագայում, երբ տեղի է ունենում կոնկրետ անձի ընտրություն, հույս ունի, որ կկարողանա պահել իշխանությունը», - գրել է թերթը: