24/01/2020 12:07
ՀՔԾ-ն պարզաբանում է ներկայացրել Ամրամ Մակինյանի հայտարարության վերաբերյալ
Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանի հայտարարության վերաբերյալ։
«Հաշվի առնելով հանրության կողմից օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը` անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հայտարարությունը, թե իբր Հրայր Թովմասյանին և նրա պաշտպանական թիմին հնարավորություն չի տրվում ծանոթանալ Հ. Թովմասյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու մասին դատարանի որոշմանը, ակնհայտ ապատեղեկատվություն է: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ քննիչի կողմից խուզարկությանը մասնակցող անձանց, այդ թվում` պաշտպանական թիմին հնարավորություն է տրվել քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ծանոթանալ որոշմանը: Ա. Մակինյանի վերը նշված հայտարարությունը նպատակ է հետապնդում ընդամենը խոչընդոտել քննչական գործողութան իրականացմանը:
Վերոգրյալը հաշվի առնելով` Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին հորդորում ենք գործել օրենքի սահմաններում և զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող ու հանրությանն ապակողմնորոշող հայտարարություններ հնչեցնելուց», - նշված է հայտարարության մեջ։