24/01/2020 18:50
Կցանկանայի՝ Հայաստանի հայերը հստակ տեսնեին, թե ինչ է իրենից ներկայացնում ամերիկյան կյանքը. Նարեկ Ներսիսյանը՝ «Գեներալի երազը» ներկայացման մասին
Կարպիս Դրամփյանը, հաղթահարելով Արցախյան պատերազմը, որի ընթացքում նաև բազմաթիվ ընկերներ էր կորցրել, ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ մեկնում է ԱՄՆ՝ դառնալով ամերիկյան բանակի բժիշկ, սպա, գեներալ: Ամուսնանում է արևմտահայ կնոջ հետ, ունի Արցախից որդեգրած դուստր, ով մեծացել է ամերիկյան վարք ու բարքով… Սա ապրիլի 10-ին Լոս Անջելեսում տեղի ունենալիք ՀՀ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի «Գեներալի երազը» պիեսի բեմականացման առանցքային հերոսի ճակատագրի նկարագրությունն է:
Դերակատարներից ԱՄՆ-ում բնակվող դերասան Նարեկ Ներսիսյանն Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց՝ ներկայացումն արտագաղթի մասին է, մարդկանց մասին, ովքեր տարբեր պատճառներով ու տարբեր տարիների հեռացել են իրենց հայրենիքից ու հաստատվել ԱՄՆ-ում:
Այն խորքային խնդիրների մասին է բարձրաձայնում՝ ո՞նց են այդ մարդիկ հարմարվում ԱՄՆ-ի կյանքին, ի՞նչ միջոցով են ապրում, ի՞նչ են կարոտում, ի՞նչ են կորցրել ու ի՞նչ ձեռքբերել՝ արտագաղթելով: Ինչպես վերնագիրն է հուշում՝ ամբողջ ներկայացումը երազ է, կուլմինացիան էլ հետաքրքիր դրամատուրգիական հնարք է:
«Իսկ իմ հերոսը Արտակն է, ով չկարողանալով հարմարվել ցածր աշխատավարձին, չկարողանալով հոգ տանել Արցախյան պատերազմում հաշմանդամություն ձեռքբերած հոր մասին՝ «գրին քարտ» շահելով՝ որոշում է Հայաստանից ԱՄՆ տեղափոխվել, գումար աշխատել ու ծնողներին արժանապատիվ կյանք ապահովել: Հանգամանքների բերումով ծանոթանում ու ամուսնանում է գեներալի դստեր հետ… Ներկայացումը բազմաթիվ պրոբլեմների առջև կանգնած էմիգրանտների մասին է, ամերիկացվող սերնդի մասին», - նշեց մեր զրուցակիցը:
Թեև պիեսը դեռ բեմ չի բարձրացել, բայց Նարեկ Ներսիսյանը հասցրել է հեղինակին առաջարկել այն էկրանավորել: Վստահ է՝ ֆիլմն առավել մեծ արձագանք կունենա ու հասանելի կլինի մեծաթիվ հանրությանը: Ասում է՝ թող բոլորը տեսնեն ու հասկանան՝ արժի՞ ամեն ինչ թողնել գալ այստեղ, արժի՞ ամեն ինչ զոհաբերել՝ հանուն…
Նկատառմանը՝ տարիներ առաջ ԱՄՆ մեկնելով ինքն անձամբ ի՞նչ գտավ ու ի՞նչ կորցրեց, պատասխանեց.
«Գիտեք, իմ հետաքրքրության շրջանակում եղել է ոչ թե երկիր փոխելը, այլ՝ մասնագիտական աճը: Գուցե, դա երիտասարդական էնտուզիազմ էր, հատկապես, որ դեռ առաջնային նպատակիս մեծամասամբ չեմ հասել: Բայց, գոնե, այլ հնարավորություններ են իմ առջև բացվել: Գաղտնիք չի, որ այստեղ եկած դերասանների համար իրենց մասնագիտությամբ աշխատելը երկրորդ գործ է, կամ՝ հոբբի, իրենց պահելու համար բոլորովին այլ գործերով են զբաղվում… Իհարկե, մասնագիտությանս մասին չեմ մոռանում: Բոլորովին վերջերս «Stand Up» ներկայացում ունեցա, որը սպասվածից լավ արձագանք ունեցավ: Ու առաջիկայում ծրագրում եմ Հայաստան գալ՝ ներկայացմամբ»:
Կբերվի՞ «Գեներալի երազը» Հայաստան, թե՞ ոչ՝ դերասանը չգիտի, բայց գտնում է, որ դա շատ կարևոր նախաձեռնություն կլինի:
«Շատ կցանկանայի, որ Հայաստանի հայերը հստակ տեսնեին, թե ինչ է իրենից ներկայացնում ամերիկյան կյանքը: Չէ՞ որ այս պիեսը փաստերի հիման վրա է գրվել ու արտացոլում է իրականությունը: Գիտեմ, որ մարդիկ կան, ովքեր անձնագրերը պինդ բռնած, ատամները սեղմած սպասում են, թե երբ են սահմանը հատելու ու ԱՄՆ գալու: Ինչքան էլ փորձում ես փաստարկներ ներկայացնել, թե ինչ կյանք, դժվարություններ են այստեղ իրենց սպասվում, որ 500 դոլար ավել աշխատելու համար չարժի գալ՝ մեկ է, չեն հավատում: Այ երբ գալիս ընկնում են այս «ճահիճի» մեջ, արդեն սկսվում են հետաքրքիր պատմությունները ու ոչ ուրախ արկածները», - ընդգծում է նա:
ԱՄՆ-ում ապրող հայերի դժվարությունների՝ որպես փաստագրություն, Aysor.am-ը կանդրադառնա Նարեկ Նեսիսյանի հետ առաջիկա ծավալուն հարցազրույցում: