25/01/2020 15:58
Այսօր էլ կոչ եմ անում բացել Ամուլսարի հանք տանող ճանապարհը. Փաշինյան
Իրավական խնդիրներ կարող են լինել, որովհետև, ենթադրում եմ, «Լիդիանն» արբիտրաժ կդիմի, այսօր Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես այսօր էլ կոչ եմ անում բացել ճանապարհը և համարում եմ մեր սիրելի հայրենակիցների գործողությունները ոչ տրամաբանական, որովհետև իրենց պատճառով է, որ հարցը մտել է փակուղի և դուրս չի գալիս։ Այդ հարցը որևէ ձևով չի լուծվելու, քանի դեռ ճանապարհը փակ է։ Չի լուծվելու դա: Նույն ստատուս քվոյի վրա մնալու է, ինչ 2018 թ. էր, ո՛չ այս, ո՛չ այն կողմ», - նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ ինքը շահագրգռվածություն ունի, որ Ամուլսարի հանքը շահագործվի։
«Եվ այո՛, և ո՛չ: Ես շահագրգռվածություն ունեմ, որ Ամուլսարի հանքը շահագործվի, որովհետև դա կապված է Հայաստանի անվտանգային միջավայրի հետ: Եթե Ամուլսարը շահագործվեր՝ այս տարի մենք կունենայինք ոչ թե 7,5 և ավելի, այլ շատ ավելի մեծ տնտեսական աճ, հազարավոր աշխատատեղեր:
Բայց, մյուս կողմից, ես ոչ մի պարագայում չեմ համաձայնվի, որ Ամուլսարի հանքը շահագործվի ի վնաս Հայաստանի, Ջերմուկի և հարակից գյուղերի բնակիչների առողջության և երկրի բնապահպանությանն անվերականգնելի վնասներ հասցնելու հաշվին», - ընդգծեց գործադիրի ղեկավարը:
Փաշինյանի խոսքով՝ քանի դեռ հանք տանող ճանապարհը փակ է, չեն կարողանում գալ եզրակացության՝ արդյոք հանքի շահագործումն անդառնալի վնասներ է պարունակում:
«Ես համարում եմ այդ գործողությունները չտրամաբանված, անհարգալից, որոնք չեն բխում Հայաստանի շահերից: Նաև այդ իրավիճակում շահագրգիռ են որոշ շրջանակներ, որ բորսայում ինչ-որ բաներ տեղի ունենան և իրենք կարողանան ձեռք բերել բաժնետոմսեր: Բայց նրանց երազախաբություն է սպասվում, որովհետև մենք այդպիսի զարգացում և այդպիսի մանր պրոցեսներ թույլ չենք տալու», - նշեց վարչապետը: