25/01/2020 14:04
Ինչ պետք է՝ այն էլ անելու ենք. վարչապետը՝ ՍԴ-ի մասին
ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան մենք այսօր չունենք, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ ՍԴ նախագահին պետք է ընտրի ՍԴ-ն՝ իր կազմից, բայց այսօր մենք ունենք ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ, և հիմա պարզվեց, որ ՍԴ նախագահ, ըստ պաշոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում։ Մենք չենք կարող ասել, որ մի թեթև կեղծիք են արել։ Տեղի է ունեցել պաշտոնական կեղծք, ինչի հետևանքով ՍԴ-ն օկուպացվել է մի անձի, և մի խմբի կողմից։ Ինչ պետք է՝ այն էլ անելու ենք։
ՍԴ գործող նախագահը ՍԴ դատավորների մասին խոսելիս ասում է՝ «նրանք հերոս մարդիկ են»։ Դուխ ա տալիս էլի։ Ոզում եմ հասկանամ՝ հանուն ինչի՞ դեմ պայքարի են նրանք հերոս։ Սեփական ժողովրդի դեմ պայքարի՞ հերոսներ։ Էդ ո՞ւմ դեմ է պայքարում ՍԴ-ն. հանուն Հայաստանում իրավական-ժողովրդավարական պետությա՞ն։ Լո՞ւրջ։ Բա 2013 թվականի նախագահական ընտրություննե՞րը, բա ՀՀ բոլոր ժամանակների կեղծված ԱԺ ընտրություննե՞րը, բա 96 թվականի կեղծված նախագահական ընտրություննե՞րը, բա 2003 և 2008 թվականի կեղծված նախագահական ընտրություննե՞րը։ Հանուն ընտրակեղծքիների մղվող պայքարի հերոսի կոչո՞ւմ է շնորհում ՍԴ նախագահը։
Մենք ասում ենք՝ ՍԴ հարգելի՛ անդամներ, խնդրում ենք Ձեզ, մի՛ պայքարեք սեփական ժողովրդի, սեփական երկրի և նրա ապագայի դեմ։ Մի՛ դարձեք հիբրիդային հեղաշրջման երազանքով ապրող ներքին և արտաքին ուժերի ֆորպոստ։ Ընդամենը սա ենք ասում։ Հիմա այս փուլում այդպիսի խնդրանքով դիմել ենք ՍԴ հարգելի անդամներին։ Հարուցված է քրեական գործ՝ ՍԴ նախագահի պաշտոնն օկուպացնելու դեպքի առիթով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։