25/01/2020 14:35
Փաշինյան. Տարածաշրջանում խաղաղության և կայունության պատասխանատվությունն անձնապես կրում են Արցախի, Ադրբեջանի նախագահները և ՀՀ վարչապետը
Այս պահին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման պայմանավորվածություն չկա։ Հանդիպումը բացառել չի կարելի, որովհետև քննարկումների փուլում է։ Միաժամանակ, ես շփումները դրական եմ համարում։ Եթե լինի առիթ՝ խոսելում քննարկելու, կարծում եմ՝ դա օգտակար է, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դուք բոլորդ գիտեք՝ փակ սենյակում ինչ եմ Իլհամ Ալիևի հետ խոսում։ Դա նկարագրված է 2019 թվականի մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ԱՀ և ՀՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ իմ ելույթում։ Այդ ելությում ես ուղենշել էի առաջիկայում բանակցային գործընթացում մեր քննարկումների շրջանակը։
Հիմա խոսում ենք այդ շրջնակի մասին։ Այս պահին որևէ փաստաթուղթ սեղանին չկա։ Մենք պետք է իրար հետ աշխատենք ավելի առարկայական փուլին մոտենալու համար, բայց այս շրջանը պետք է արդյունավետ օգտագործենք։ Հիմա արդյունավե՞տ ենք օգտագործել. կարծում եմ՝ ոչ այդքան՝ մի շարք պատճառներով։ Ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ ադրբեջանական կողմից այդպես էլ չի հնչում համարժեք հանտարարություն իմ այն հայտարարությանը, թե Արցախի հարցի ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։
Սա կարգավորման գործընթացի ամենամեծ խոչընդոտն է։ Բայց մեր մոտեցումը կառուցողական է. մենք գտնում ենք, որ հարցը պետք է կարգավորել, կարգավորել այն սկզբունքների շրջանակում, որոնք ասել եմ Ստեփանակերտում և ՄԱԿ-ում։ Մենք պատրաստ ենք կառուցողական աշխատանքի՝ ինչքան էլ հասկանում ենք, որ դա բարդ աշխատանք է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության պատասխանատվությունն անձնապես կրում են Իլհամ Ալիևը, ԱՀ նախագահը և ինքը՝ ՀՀ վարչապետը։
«Սա անձնավորված պատասխանատվույթուն է, ինչ-որ առումով ընդհանուր պատասխանատվություն։ Սա չափազանց դժվար գործ է»,- իր խոսքն ամփոփեց գործադիրի ղեկավարը։