25/01/2020 09:55
«Ժողովուրդ». Փաշինյանն ու Տոնոյանը հունվարի 28-ին կլինեն Վարդենիսում
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Հունվարի 28-ին՝ բանակի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կտարբերվեն նախորդներից: Բանն այն է, որ այս տարի միջոցառումներն ավելի շատ նախատեսվում է անցկացնել մարզերում, այլ ոչ թե Երևանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պաշտոնյաները ևս այս տարի բանակի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ լինելու են մարզերում: Ավելին՝ տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այդ օրը միասին կլինեն Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Այդ նույն ժամին զուգահեռ միջոցառումներ կլինեն նաև այլ վայրերում:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից պարզել, թե որտեղ են այդ օրը լինելու նախարարն ու վարչապետը, սակայն այնտեղից, մեր հարցին ի պատասխան, նշեցին, թե իրավասություն չունեն ասելու, թե որտեղ է լինելու Նիկոլ Փաշինյանը:
«Հունվարի 28-ին բանակի օրը նշվելու է ողջ հանրապետությունում: Նախարարն այդ օրը կլինի միջոցառումների վայրերից մեկում»:
Ավելացնենք, որ հունվարի 27-ին էլ Բաղրամյան 26-ում տեղի է ունենալու պարգևատրման արարողություն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։