25/01/2020 11:46
ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը. Նիկոլ Փաշինյան
Պաշտպանության նախարարության կողմից ձեռքբերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է կամ չօգտագործված, Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նոր 100 փաստ նոր Հայաստանի մասին։
«2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավելի է մոտ 4.5 տոկոսով: 2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով:
«Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշների փորձարկումներ: ՀՀ Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը», - ասաց ՀՀ վարչապետը: