25/01/2020 12:17
Հաստատվեց. Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՔԾ
Հատուկ քննչական ծառայությունը հաստատում է՝ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՔԾ։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու։ Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում», - տեղեկացնում է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Hraparak.am լրատվական կայքում երեկ հրապարակված «Նիկոլ Փաշինյանը գաղտնի ՀՔԾ է այցելել» վերտառությամբ հրապարակման առնչությամբ խոսնակը նշել է, թե դրանում նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։
«Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ սուտ, անհեթեթ և մանիպուլյացիոն բնույթի հրապարակումներով հանրությանը միտումնավոր ապակողմնորոշելու փորձերից», - նշել է Մ. Օհանջանյանը։
Հիշեցնենք՝ «Հրապարակ»-ը գրել էր, թե «Փաշինյանը գաղտնի այցելել է ՀՔԾ, «դուխ» տվել քննիչներին, հորդորել կատարել իր հրահանգներն ու ավարտին հասցնել Հրայր Թովմասյանի գործը»։
Ըստ կայքի տեղեկությունների՝ այցելության նպատակը եղել է ՀՔԾ քննիչներին «դուխ» տալը, քանի որ նրան զեկուցել են, որ ՀՔԾ-ում բունտ է հասունանում՝ քննիչները դեմ են ՍԴ անդամների և նախագահի դեմ անօրինական գործողություններ կատարելուն։ Վարչապետը հավաքել է ՀՔԾ ղեկավար կազմին և հորդորել կատարել իր հրահանգներն ու ավարտին հասցնել Հրայր Թովմասյանի գործը, չվախենալ անօրինականություններից՝ «ինքը տեր է»։