25/01/2020 10:59
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի
Թուրքիայի արևելյան Մալաթիա և Էլյազիգ նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, վնասվածքներ է ստացել 1015 մարդ, հայտնում է «Anadolu» գործակալությունը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր 19 զոհի և 772 վիրավորի մասին:
6.8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ օրը ժամը 20.55-ին՝ Էլյազիգ նահանգի Սիվրիջ քաղաքի շրջանում: Ըստ Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության՝ աղետի գոտում աշխատում է Թուրքիայի 28 նահանգներից 493 փրկարարական ջոկատ:
Երկրաշարժի գոտի է առաքվել 1,689 վրան, 1,656 մահճակալ և 9.200 վերմակ:
Բջջային օպերատորները հայտարարել են անվճար հաղորդակցման ծառայություններ Էլյազիգում և Մալաթիայում մատուցելու մասին: