25/01/2020 14:30
Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի հաճախում աշխատանքի և աշխատավարձ է ստանում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ աշխատանքներին:
«Եթե այդպիսի երևույթ կա, դա մտահոգում է, չի կարող չմտահոգել», - մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը՝ ի խատասխան հարցի, թե ինչու խորհրդարանական մեծամասնությունը հանդես չի գալիս առաջարկով՝ դադարեցնել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները՝ հաշվի առնելով, որ վերջինս չի մասնակցում ՍԴ աշխատանքներին:
Հարցին, թե տեղեկանալուց հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկելու, Փաշինյանն ասաց.
«Չգիտեմ, առաջին անգամ եմ լսում այդպիսի բան, կհետաքրքրվեմ ավելի մանրամասն»:
Ավելի վաղ Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Սահմանադրական դատարանից տեղեկացրել էին, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, պաշտոնը ստանձնելուց ի վեր, որևէ նիստի չի մասնակցել: