27/01/2020 11:05
Բոլիվիայի նախագահի ժ/պ-ն բոլոր նախարարներին խնդրել է հրաժարական ներկայացնել
Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար Ժանին Անյեսը դիմել է բոլոր նախարարներին՝ հրաժարական ներկայացնելու խնդրանքով, որպեսզի կառավարությունում վերադասավորումներ կատարվեն այն բանից հետո, երբ հայտարարել է պետության ղեկավարի ընտրություններին մասնակցելու մասին, հայտնել է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, փոխանցում է La Razon բոլիվիական պարբերականը:
«Սահմանադրական նախագահ Ժանին Անյեսը ընդունելի է համարում գործադիր իշխանության աշխատանքային թիմում վերադասավորումները թեկնածուների գրանցման նախաշեմին, որոնք մայիսի 3-ին մասնակցելու են ազատ, անաչառ և թափանցիկ ընտրություններին: Այս կապակցությամբ նա որոշել է անցումային ժողովրդավարական կառավարության նոր փուլից առաջ բոլոր նախարարներին խնդրել հրաժարական ներկայացնել»,- նշված է հայտարարության մեջ:
Անյեսը խոստացել է կառավարության նոր կազմը հայտարարել ամենակարճ ժամկետում:
Հունվարի 24-ին Անյեսը հայտարարել էր, որ մասնակցելու է նախագահի ընտրություններին, որը նախատեսված է մայիսի 3-ին: Ավելի վաղ նա ասել էր, որ թեկնածու չի լինելու: Անյեսի առաջադրվելու մասին հայտարարվելուց հետո Բոլիվիայի կապի նախարար Ռոքսանա Լիսարագան հրաժարական էր ներկայացրել՝ քննադատելով նախագահի պաշտոնակատարի որոշումը: