28/01/2020 14:58
Քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու քաղաքական ռեպրեսիաների ձև է. Արսեն Բաբայանը՝ Նարեկ Մալյանին բերման ենթարկելու մասին
Տեղեկություններ ունենք, որ Նարեկ Մալյանը 6-րդ վարչությունում է գտնվում, լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արսեն Բաբայանն՝ ընդգծելով.
«Անհայտ պատճառներով դիմակավորված անձինք կոպիտ վարվելով մարդուն բերման են ենթարկում, կարելի է ասել՝ առևանգում են», - ասաց Բաբայանը:
Վերջինս նշեց, որ առհասարակ դիմակավոր անձինք ձեռնաշղթաներով մարդուն բերման են ենթարկում, երբ հանցագործություն է կատարվում այդ պահին կամ հանցագործությունից անմիջապես հետո, մինչդեռ Բաբայանի խոսքով, ըստ հրապարակված տեսանյութի, երևում է, որ հանցագործություն տեղի չի ունեցել.
«Քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու քաղաքական ռեպրեսիաների ձև է: Ցանկացած դեպքում, երբ քննադատում եք ձեզ կպառկեցնեն ասֆալտին, դիմակավոր անձինք ձեռնաշղթաներով բերման կենթարկեն 6-րդ վարչություն, ընդ որում, չեք էլ կարողանա իմանալ՝ ինչի համար», - ասաց Բաբայանը՝ նշելով, որ սա քաղաքական ընդդիմախոսությունը չհանդուրժելու մասին է փաստում:
Ավելի վաղ քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին բերման են ենթարկում դիմակավորված անձինք: