28/01/2020 23:27
Եթե հետնահանջ կատարեմ այն խնդիրներից, որոնք ինձ են վերապահված, դուք ինձ չեք հարգի, ոչ մեկ չի հարգի․ ՍԴ նախագահ
Ինքս ինձ չեմ հարգի, եթե այդ պատճառներով հետնահանջ կատարեմ այն խնդիրներից, որոնք ինձ են վերապահված, «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք չի մտածել հրաժարական տալու մասին, այն դեպքում, երբ իր վրա ճնշումներ են գործադրվում, իր սանիկին են կալանավորում ու թիրախավորում ընտանիքի անդամներին։
«Ասում են, որ մարդու անունը կապ ունի իր բնավորության հետ, իմ անվան մեջ կրակ կա։ Երկրորդը՝ իմ արմատներն են, արմատով սասունցի եմ, այստեղի բնակիչները հայտնի են «կող» ունենալով։ Իրականությունը հետևյալն է՝ ինչը մեզ չի սպանում, մեզ ուժեղացնում է։ Միգուցե ես էլ մեկ-երկու տարի առաջ այնպես մտածեի, ինչպես Դուք եք ասում, բայց այսօր ես ինքս ինձ չեմ հարգի, եթե այդ պատճառներով հետնահանջ կատարեմ այն խնդիրներից, որոնք ինձ են վերապահված, Դուք ինձ չեք հարգի և, ընդհանրապես, ոչ մեկ չի հարգի, ես դա կհամարեմ իմ արժանապատվությանը նվաստացում, անարգանք իմ մասնագիտության նկատմամբ», - ասաց Թովմասյանը։
ՍԴ նախագահը կոչ արեց իզուր տեղը չտանջվել, եթե այդ եղանակներով փորձում են իրեն ճնշել։ Միևնույն ժամանակ Թովմասյանն ասաց, որ, իհարկե, հաճելի չէ, երբ, օրինակ, պիտի բացատրի իր սանիկի երեխային, որի հայրն անազատության մեջ է իր հետ բարեկամական կապեր ունենալու համար։
ՍԴ նախագահը նշեց, որ իր ընտանիքի անդամներն ըմբռնումով են մոտենում ստեղծված իրավիճակին։
«Փառք ու պատիվ կնոջս, որ շատ ըմբռնումով է մոտենում ինձ և թիկունք է։ Հայրս՝ որպես նախկին ոստիկան, այս ամենը հասկանում է, նույնը չեմ կարող ասել մայրիկիս մասին, ով ավելի էմոցիոնալ է այս ամենին նայում», - ասաց Թովմասյանը։