28/01/2020 23:30
Վարչապետի հետ անձնական հարաբերություններ չունեմ, դրանք ինստիտուցիոնալ են. ՍԴ նախագահ
Ես Հայաստանում թշնամիներ չունեմ և որևէ մեկի հետ թշնամական հարաբերություններ չեմ կարող ունենալ, «Պրեսսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին։
«Իմ թշնամիները մեր սահմաններից դուրս են։ Ես, որպես ՍԴ նախագահ, իրավունք չունեմ որևէ մեկի հետ լարված հարաբերություններ ունենալ։ Իմ լիազորությունները նման բան չեն ենթադրում։ Ես հարգանք ունեմ պետական ինստիտուտների նկատմամբ։ Ինչ վերաբերում է անձնական հարաբերություններին, իմ արժանապատվությանը հասցված վիրավորանքին, ապա ինձ կարող եմ պահել այնպես, ինչպես կպահեր ցանկացած հայ տղամարդ, ուստի այդ հարաբերությունները կբնութագրեմ ինստիտուցիոնալ, ինչը որ նախատեսված է մեր Սահմանադրությամբ՝ ինչպիսին կարող են լինել ՍԴ նախագահի և վարչապետի միջև հարաբերությունները», - ասաց ՍԴ նախագահը՝ կրկին շեշտելով, որ վարչապետի հետ անձնական հարաբերություններ չունի։
Հրայր Թովմասյանի խոսքով՝ այդուհանդերձ, լարված հարաբերությունները չեն կարող որևէ բիծ թողնել իր աշխատանքի և լիազորությունների վրա։
«Եթե մի տեղ անձնականը վեր դրեցինք պետականից, այդ դեպքում պետությունը կավարտվի», - ասաց նա։