28/01/2020 18:38
Մեզ բերման են ենթարկել, որովհետև կասկածում են, թե թմրամիջոց ենք ձեռք բերել, պահել կամ օգտագործել. Արթուր Դանիելյան
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը միաբանության երկու անդամների հետ բերման է ենթարկվել թմրամիջոց պահելու կամ օգտագործելու կասկածանքով, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դանիելյանը՝ դուրս գալով ոստիկանության 6-րդ վարչության շենքից:
«Մեզ բերման են ենթարկել, որովհետև կասկածում են, որ թմրամիջոց ենք ձեռք բերել, պահել կամ օգտագործել: Ոստիկանները ենթադրել են, որ ես, գնելով, պահելով կամ օգտագործելով թմրանյութ, գալիս եմ ոստիկանության 6-րդ վարչություն՝ պարզելու, թե ի՞նչ է տեղի ունեցել Մալյան Նարեկի հետ, ով մեկ տասնամյակ աշխատելով իրավապահ տարբեր մարմիններում՝ այս օրերին կասկածվում էր ապօրինի զենք կրելու մեջ: Սա հերթական թատրոնն էր», - ասաց Դանիելյանը:
Անդրադառնալով իր պահանջով 6-րդ վարչություն ժամանած շտապօգնությանը՝ Դանիելյանն ասաց, որ որոշակի վնասվածքներ ունի, սակայն հրաժարվել է ցավազրկումից՝ հնարավոր համարելով, որ իրեն թմրանյութերի հարցով փորձաքննության կարող են ենթարկել։
Նշենք, որ Դանիելյանի խոսքով՝ ինքն այս պահին գնում է բուզննման, որից հետո այսօր բերման ենթարկվածները հանդես կգան մամուլի ասուլիսով։