28/01/2020 16:06
Չգտան զենքեր, որովհետև ես զենքեր չունեմ. Նարեկ Մալյանը դուրս եկավ 6-րդ վարչության շենքից (Տեսանյութ)
ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը դուրս եկավ 6-րդ վարչության շենքից:
«Չգտան զենքեր, որովհետև ես զենքեր չունեմ, օրինական էլ չունեմ: Օրինական որսորդական հրացան ունեմ, դրանով դժվար ման գամ փողոցում», - լրագրողների հետ զրույցում ասաց Մալյանը:
Նա պատմեց, որ իրեն բերման են ենթարկել Փարպեցի փողոցում՝ ՎԵՏՕ-ի մուտքի դիմաց: Հարցին՝ տեղյա՞կ է, թե ում պահանջով են իրեն բերման ենթարկել, Մալյանն ասաց.
«Տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ Լարիսա Մինասյանը («Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն, հեղ.) երեկ կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ և պահանջել, որ նույնիսկ ապօրինի միջոցներով կանխեն մեր գործունեությունը»:
Ավելի վաղ քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես են ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին բերման ենթարկում դիմակավորված անձինք:
Ոստիկանությունը տեղեկություն էր տարածել, որ Մալյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքի համար: