28/01/2020 16:56
Որոշ մարդիկ, այդ թվում՝ նաև դրսի ուժերի թելադրանքով, փորձել են վարկաբեկել մեր բանակը՝ չի հաջողվել. Սերժ Սարգսյան
Մեր բանակը նսեմացնել չի հաջողվել, որովհետև մեծ հաշվով մեր բանակը ձախողումներ չի ունեցել, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
«Մեր բանակը փառապանծ բանակ, հաղթական բանակ է և անկախ նրանից, որ այս բանակի ձևավորման հենց առաջին օրերից որոշ մարդիկ, այդ թվում՝ նաև դրսի ուժերի թելադրանքով, փորձել են վարկաբեկել մեր բանակը, նսեմացնել մեր հաղթանակները, դա նրանց չի հաջողվել: Չի հաջողվել շատ պարզ պատճառով, որովհետև մեծ հաշվով մեր բանակը ձախողումներ չի ունեցել: Մեր բանակը մարտի դաշտում, այն էլ՝ ոչ մեկ անգամ, ապացուցել է իր ունակությունը՝ պաշտպանելու Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում՝ նաև Արցախի Հանրապետությունում ապրող մեր հարենակիցների անվտանգությունը», - ասաց Սարգսյանը:
Հանրապետության երրորդ նախագահն ընդգծեց՝ կարևոր է ամուր պահել հավատը բանակի նկատմամբ.
«Այս նվիրական օրը ես մի մաղթանք ունեմ, որ ամուր պահենք հավատը մեր բանակի նկատմամբ: Սա շատ կարևոր հանգամանք է և թույլ չտանք, որ մարդիկ ինչ-ինչ նպատակներով փորձեն վարկաբեկել մեր բանակը: Սա անթույլատրելի է»: