28/01/2020 18:05
Ադրբեջանցի երգչի ձայնը չանցավ. Ռուզան Մանթաշյանը ելույթ կունենա դրեզդենյան բեմում
Հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանը փետրվարի 7-ին ելույթ կունենա դրեզդենյան հայտնի «Semper Opernball»-ում: Այս մասին երգչուհին տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջի միջոցով:
«Համոզված եմ եղել, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում և ուրախ եմ, որ այս համոզմունքը կիսվում է այդքան մարդկանց կողմից, ովքեր այս օրերին սատարեցին ինձ իրենց խոսքով և գործով։
Սիրով տեղեկացնում եմ իմ ունկնդիրներին, որ փետրվարի 7-ին Պ.Ի. Չայկովսկու Եվգենի Օնեգին օպերայից Տատյանայի արիայով հանդես եմ գալու Դրեզդենյան հայտնի Semper Opernball-ում», - գրել է նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ լուր տարածվեց, որ ադրբեջանցի երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել էր փետրվարի 7-ին Գերմանիայում կայանալիք Օպերային Բալի բացման արարողությանը բեմը կիսել հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ: Պատճառը ազգային պատկանելությունն էր:
Դրանից հետո հայ և արտասահմանցի բազմաթիվ ճանաչված արվեստագետներ ու հասարակական գործիչներ ադրբեջանցի երգչի արարքի նկատմաբ իրենց բողոքի ձայնը բարձրացրին: